Օրերս Հայաստանի «ինքնիշխանները» խիստ խոցվել էին, որ Արցախում դպրոցականները շնորհակալություն էին հայտնել Ռուսաստանին՝ իրենց դպրոցը վերանորոգելու համար։ Այդ մտահոգները գուցե ասեն՝ աշխարհում կա՞ մի ծնող, որ իր երեխային վաճառի ուրիշին, հետո այդ երեխան շուռ գա ու շնորհակալություն հայտնի։ Չկա։ Արցախը ու՞մ պիտի շնորհակալություն հայտներ՝ իրեն մի գիշերում գաղտագողի վաճառողի՞ն։
Եթե շնորհակալություն եք պահանջում Արցախից, ուրեմն այսքան տարի նրան խորթ, օտար եք համարել, ձեր հայրենիքի մաս չեք դիտարկել, դրա համար էլ այսօր ակնկալում եք «լավության» դիմաց փոխհատուցում։ Սա դեռ մի կողմ, ոչ միայն թեթևությամբ հայրենիքի մի մասը տվել եք շան բերանը, այլև ի լուր աշխարհի հայտարարել, թե դժբախտ, դժգույն, անպետք տարածք էր, ու՞մ էր պետք։ Հիմա պահանջում եք, որ մազապուրծ եղած մի թիզ հողում իր կյանքի իրավունքը վերահաստատած մարդը ոչ թե շնորհակալություն հայտնի իրեն ամեն ինչով օգնող երկրին, այլ երախտագիտությամբ լցվի իրեն անպետք համարողի հանդե՞պ։ Ի՞նչ ինքնավարություն եք խաղում, Արցախ կա՞ այսօր, թե՞ ինքնախաբեությունն էլի տեսողության հետ խնդիրներ է ստեղծել։ Արցախը փաթեթավորած նվիրել եք ու դեռ շնորհակալությու՞ն եք ակնկալում։
Նույն այս տրամաբանությամբ Հայաստանը պետք է շնորհակալ լիներ Արցախին, որ այսքան ժամանակ իր անվտանգության երաշխավորն է եղել։ Այո, ոչ թե Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախը Հայաստանի։ ՈՒ սա ապացուցվեց այս պատերազմում։ Կորցրինք Արցախը և ուղիղ նշանառության տակ դրեցինք Հայաստանը, որի սահմաններից մետր առ մետր այսօր արդեն տալիս ենք թշնամուն։ Արցախը պահում էր Հայաստանի թիկունքը, սահմաններն անառիկ էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մերն էր։ Հիմա Հայաստանում այլևս անվտանգ չենք կարող ապրել, որովհետև թշնամին կանգնած է մեր սահմանի համարյա ողջ երկայնքով, ուղիղ մեր քթի տակ։ Ավելին, նա կամաց-կամաց մխրճվում է մեր երկիր։ Հայ զինվորը Արցախի սահմանում պահել է նաև Հայաստանի անվտանգությունը և զոհվել ու հերոսացել է նաև Հայաստանի խաղաղ գոյության համար։ Երբ Հայաստանն ու Արցախն իրարից առանձնացնում եք, ստանում եք այսօրվա իրավիճակը։ Այնպես որ, հենց այդ «ինքնիշխանների» պատճառով է, որ այսօր կորցրինք և՛ Արցախը, և՛ Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը։ Այս փաստն ունենալու, հայրենազրկումը հետևողականորեն ծրագրելու և իրագործելու համար, այո, կան մարդիկ, որոնք հաստատ «շնորհակալության» արժանի են։ Եվ այդ յուրօրինակ «շնորհակալությունը» շուտով կհնչի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ